Երկինքները տենչ, խոհ ու զմայլանք, աստղոտ կտավներ
ընծայեցին քեզ, բայց երկրահոգի սե՜րը նվաճեց
քո ներաշխարհի մատուռները ողջ,- սեր՝ քնքշաթախիծ,
խոր ու երգեցիկ, ինչպես հազարան բլբուլի գեղոն,
գիտե առնչվել Աստծո շնչի հետ, առավել՝
Ցեղին պարուրվել գիտե:-
Սեր է՝ լեռների գրկում արևհար և զորաց ուժի
բաբախման ներքո, երբ շառագունած կույսերը ծածուկ
շոյում են իրենց մարմինը բյուրեղ, և վիճակ բացում
ու հեռախոսում երազատեսիլ այրաց հետ, որոնք
զիլ ու ինքնապարտ մարտնչում են դեռ
անվերջ նորոգվող վայրագների դեմ…
Հողը շնորհեց ձիրքը պտղության ու երաշտի մեջ
ծաղկելու հնար: Հուշեց, թե հունդը ինչ փայփայանքով
կարող է մեկից պերճ հազարանալ, երբ չբերության
ամպերն են կիտվում հախուռն շնացող աշխարհի վրա,
և տենդոտ «ես»-ն է սնապարծանքով
«մենք»-ի մարմինը քառատում խելառ:
Հող է՝ առնական, բայց և կանացի՝ ներսում անթեղված
սրտերով լեցուն, նա իր կենսապարտ գեղուհիներին
Աստղիկի բեղուն կրքով է օծում, հետևում գաղտուկ,
որ նրանք հանկարծ հեշտին չտրվեն և դյութանքի տեղ
զարմին հուր բաշխեն, խինդ ու զորություն:-
Օ՜ արևաբույր դուստրեր Արցախի,
Նաիրի երկրի ծիրանի՜ տիկնայք,
հեռացող հողն եք վերադարձնում և
նվիրաբերում մայրություն նրան, հայրությու՛ն նաև՝
հույժ ու ցպահանջ, երբ պահն է դժխեմ ու դարանամուտ:
ՈՒրվականացող քաղաքներն եք նոր կյանքով պսակում:
Հեզ ստնտու եք՝ նվաղած հոգուն և քաղցած տարվան:
Ձեր ողոքով է երկիրը հագնում զրահաբաճկոն,
երբ նեռի չանչը վերից հրացայտ կարկուտ է տեղում,
իսկ տակից փորում հիմերը մեր տան:
Ոգու ճգնակյաց պահնորդներին եք նեցուկ-խրախույս:
Լիցքավորում եք զինագլխիկը ցասման ուրանով՝
չարյաց ոստանում թնդալու համար…
Սիրել ու փթթել, սիրել ու տոկալ,
Երկրին մայր լինել, մայրերին՝ Երկիր,-
դու՜ք՝ լուսամարտիկ քույրեր իմ Հայոց,
դու՜ք եք մեզ փրկում չարք ու գեհենից:
20.06.2023
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գեղանկարը՝ Ռոբերտ ԱՍԿԱՐՅԱՆԻ